Շատերն են առավոտյան արթնանում ու պարզում, որ իրենց մեքենայի այս կամ այն մասը չկա: Մեր երկրում միայն 2024-ին մեքենաներից գողության 2242 դեպք է արձանագրվել: Ամենահաճախը հանցագործները գողանում են մեքենայի կողային հայելիները, նախորդ տարի այդպիսի 762 դեպք է արձանագրվել: Քիչ չեն նաև համարանիշների ու տարբերա-նշանների գողությունները:
Թեև իրավիճակը փոքր ինչ մեղմվել է պարեկային ծառայության ներդրումից հետո, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծում չի ստացել: Հանցագործները տարբեր հնարավորություններ գտնում են իրավապահների թիրախում չհայտնվելու համար: Իսկ չհաջողելու դեպքում պատասխանատվությունը մեծ չէ. գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցներից կատարած գողությունը մեծ հանցանք չէ և պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ներքին գործերի նախարարությունը որոշել է խստացնել այս հանցատեսակի քրեական պատասխանատվությունը: Հանրային քննարկման ներկայացված նախագծով տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունը կհամարվի միջին ծանրության հանցանք: Իրավապահ կառույցը սա հանցագործությունների թիվը նվազեցնելուն ուղղված միակ գործիքը չի համարում, բայց վստահ է՝ արդյունք կունենա:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։