Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության հերթական ցույցի մասնակիցների դեմ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Ցուցարարները հավաքվում են Սարաչխանե պուրակում և քաղաքապետարանի դիմացի հրապարակում։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հերթական անգամ բողոքի ակցիաների կոչ է արել։ Կիրակի ավելի շատ ցուցարարներ են հավաքվել, քան նախօրեին:
Հավաքվածների մեծ մասն իրեն խաղաղ է պահել՝ դրոշներ են ծածանել և կարգախոսներ բացականչել:
Ընդ որում՝ ոմանք շշեր ու պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Միաժամանակ, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին կոչ է արել Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել։
Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էին Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։
Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:
Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։