Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ:
Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը:
Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։
Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էին Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։
Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:
Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Ստամբուլի նահանգապետարանը որոշում է կայացրել մինչև մարտի 27-ը երկարաձգել բողոքի ակցիաների և ցույցերի անցկացման արգելքը: Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում և Իզմիրում։
Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլօուին: