Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
«Նա մեծ ուշադրություն է դարձնում Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Շոյգուն։
Հանդիպումից հետո Շոյգուն նշել է, որ օգտակար, կարևոր և անհրաժեշտ բանակցություններ է անցկացրել Կիմի հետ:
Հյուսիսկորեական կողմն էլ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման և ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցերը, ինչպես նաև «միջազգային արդարության, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակի կարևոր հարցեր»:
«Հաստատվել է կողմերի միասնական դիրքորոշումը», - ասված է հաղորդագրության մեջ: