Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։
Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց - Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց - Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել»,- ասել է վարչապետը։