Զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և նրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք, ընդ որում՝ հանրության հետ էլ եմ պատրաստ ես այս քննարկումը ունենալ, որովհետև պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել։ Ես կարծում եմ, Գյումրիում առաջին անգամ ես համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ և պատասխաններ ստացել եմ, և այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո՛, մենք շա՜տ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ի՞նչ ենք ձեռք բերել կամ ի՞նչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք»,- ասել է վարչապետը։