Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաները, հայտարարել է, որ իշխանության վրա «ճնշում գործադրելու և փողոցում քաղաքականություն սահմանելու» փորձերն անցյալում են:
«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ փողոց դուրս գալը և ազգային կամքի դեմ մատ թափ տալը, իրենց հետ տանելով ձախակողմյան կազմակերպություններին, մարգինալ խմբերին և վանդալներին, անցյալում են: Այն օրը, երբ քաղաքականության և արդարադատության ուղղությունը որոշվում էր փողոցային ահաբեկչությամբ, անցյալում է, ինչպես և հին Թուրքիան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը որոշում է կայացրել մինչև մարտի 27-ը երկարաձգել բողոքի ակցիաների և ցույցերի անցկացման արգելքը: Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում և Իզմիրում։
Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:
Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլօուին: