ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից Երևանի պետական համալսարանի, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անցկացվել են «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ:
Տեսական դասընթացների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև «Փրկարարական պարզ գործիքներ և սարքեր», «Անվտանգության կանոնները փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներին, որոնց գործնական մասն անցել է ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում։
Դասընթացների նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները փրկարարական աշխատանքների ոլորտում, ապահովել նրանց համապատասխան պատրաստվածությունը և զարգացնել հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունները Հայաստանում։
Դասընթացների ժամանակ ուսանողներին մանրամասն ներկայացվել են փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր՝ հաշվի առնելով ժամանակի ճիշտ օգտագործումը, ռիսկերի գնահատումը և տարատեսակ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունը։
Նման մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ոչ միայն զինվել տեսական գիտելիքներով, այլ նաև ձեռք բերել գործնական հմտություններ՝ պատրաստ լինելու իրական պայմաններում փրկարարական գործողությունների կատարմանը։
Ուսանողների կողմից ձեռքբերված փորձառությունն անգնահատելի կլինի հանրային անվտանգության ապահովման գործում։ Սա ևս մեկ կարևոր քայլ է փրկարարական համակարգի ուժեղացման և անվտանգության մշակույթի զարգացման գործում։