Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր լինի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նոր էսկալացիա լինի։
«Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել»,- ասել է վարչապետը՝ նշելով՝ ըստ էության, ունենք փաստաթուղթ, որը ընդունելի է և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի համար։
Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով, որ էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։
«Իսկ բուն լուրը այն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է՝ ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։