Եվրամիությունը մերժել է Վլադիմիր Պուտինի պահանջը՝ հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակում Ուկրաինային ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
ԵՄ առաջնորդները, բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, մերժել են այդ պահանջը:
Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու զենքի և զինամթերքի մատակարարումը, որպեսզի օգնեն ուկրաինական զինված ուժերին դիմակայել Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը:
Սլովակիան, որը նման դիրքորոշում ունի Հունգարիայի հետ, այս դեպքում միացել է մեծամասնությանը։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները` կանոնավոր ֆինանսական և ռազմական աջակցության միջոցով:
Գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին, որը, առանց Օրբանի անունը տալու, ասել է, որ դա «պարզապես հակաեվրոպական դիրքորոշում է, երբ մեկ մարդ արգելափակում է որոշումները, որոնք կարևոր են ամբողջ մայրցամաքի համար կամ արդեն համաձայնեցված են»:
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը համաձայնել էր դադարեցնել հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա, բայց ոչ անվերապահ հրադադարը, որը ԱՄՆ-ն և Ուկրաինան հաստատել էին անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում: