ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականացվի հուլիսի 1-27-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ.
• Ուսուցում մանկապարտեզում
• Ուսուցում մեկօրյա դպրոցում
• Ուսուցում տարրական դպրոցում
• Հայոց լեզվի և գրականության դասավանդում
• Հայոց պատմության և մշակույթի պատմություն
• Երգ ու պար
• Տնօրենների վերապատրաստում
Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով պետական և ոչ պետական վարժարանների, դպրոցների, մանկապարտեզների, լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների մեկօրյա կրթօջախների, մշակութային կենտրոնների և այլ հաստատությունների դասավանդողների համար:
Դասընթացներն ավարտած ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 1-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը:
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին հայտը ներկայացնելուց հետո՝ մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ապահովում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը՝ ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է հուլիսի 1-ը:
Ծրագրի ժամանակացույց.
հուլիսի 1-մուտք կացարան և տեղավորում
հուլիսի 2-ծրագրի պաշտոնական բացում
հուլիսի 3-25-վերապատրաստման դասընթաց
հուլիսի 26-ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում
հուլիսի 27-հյուրատնից ելքի օր
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից. հեռ.՝ +374 10 59-96-47 (ծրագրի համակարգող՝ Ալվինա Էլոյան, էլփոստ` alvina.eloyan@escs.am հեռ` +374 98 24-01-40 (WhatsApp, Viber):