ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:
Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից:
Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը:
Փառատոնը կիրականացվի 2 փուլով. առաջին փուլը կանցկացվի ապրիլին ՀՀ մարզերում, իսկ եզրափակիչ փուլը՝ հունիսին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը ներառյալ` artprogress.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +37494103686, +37494347100։
«Փոքրիկ քայլ» փառատոնի հիմնադիրը «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն է։