Իսրայելը հինգշաբթի ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ՑԱՀԱԼ-ի ուժերը գործողություններ են սկսել Ռաֆահի շրջանում։ Ոչնչացվել է ահաբեկիչների ենթակառուցվածքի մի մասը:
Բացի դրանից՝ Իսրայելի Պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում»,- ասված է իսրայելական բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ «Իսրայելի բանակն ու հատուկ ծառայությունները կշարունակեն գործել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հանուն Իսրայելի քաղաքացիների պաշտպանության»:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման և հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունների ֆոնին Իսրայելի վարչապետը դիմել էր ՀԱՄԱՍ-ին՝ նշելով, որ «սա միայն սկիզբն է, բանակցությունները շարունակվելու են կրակի ներքո»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աղետ էր որակել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը:
Իսրայելում էլ բողոքի ցույցեր էին սկսվել: Հազարավոր իսրայելցիներ քննադատում են Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը և հրադադարը խախտելու որոշումը: