Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սկսվել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը։ Սա նրա նախընտրական խոստումներից մեկն էր, գրում է BBC-ն։
«Մենք պատրաստվում ենք փակել այն որքան հնարավոր է շուտ: Դա մեզ ոչ մի օգուտ չի բերում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Կրթական ցուցանիշների բարելավում ծնողների, նահանգների և տեղական համայնքների հզորացման միջոցով» հրամանագրի ստորագրումը տեղի է ունեցել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ, որտեղ հրավիրված էին նահանգապետներ, կրթության մարմինների պաշտոնյաներ և դպրոցականներ։
Օվալաձև աշխատասենյակում մի ամբողջ դասասենյակ է կառուցվել՝ Թրամփի համար առանձին գրասեղանով։ Նախագահը, ինչպես հանրապետականների մեծ մասը, երկար ժամանակ կոչ է արել փակել գերատեսչությունը, սակայն դրա ամբողջական լուծարման համար կպահանջվի Կոնգրեսի հաստատումը, ինչը քիչ հավանական է, նշում է BBC-ն:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի շատ գումար է ծախսում կրթության վրա, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, մինչդեռ ամերիկացի ուսանողները «առաջադիմությամբ ցուցակի վերջում են»:
Նախարարության ղեկավար Լինդա Մաքմահոնին հանձնարարված է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խթանելու փակումը» և լիազորությունները փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ «ապահովելով ծառայությունների, ծրագրերի և արտոնությունների արդյունավետ և անխափան մատուցում»: