Թուրքական Global Panorama պորտալում հրապարակվել է Ֆաթիհ Ջեյլանի «Հարավային Կովկասում ծաղկող խաղաղության հույսը» վերնագրով հոդվածը։ Ջեյլանը այլ թուրք լրագրողների հետ վերջերս է այցելել Հայաստան և հնարավորություն է ունեցել հայկական կողմի մոտեցումներին ծանոթանալ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումների արդյունքում:
«Հայաստանի պարտությամբ ավարտված երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը, չնայած ներքին քաղաքական դժվարություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին իրատեսական հեռանկարով մոտենալու ունակություն է դրսևորել: Երկկողմ և բազմակողմ շրջանակներում այս իրատեսական տեսանկյունին համապատասխան դիրքորոշում է որդեգրել: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանի ղեկավարությունը կիրառելով կոշտ հռետորաբանություն՝ վտանգում է Հայաստանի հետ խաղաղության հեռանկարը: Դա կարող է խափանել Հարավային Կովկասում կարգավորման գործընթացը, ինչի օգտին հանդես է գալիս Թուրքիան»,- նշում է հեղինակը։
Իսկ հոդվածի «Ի՞նչ պետք է անի Թուրքիան» ենթավերնագրում Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ «Թուրքիան պետք է ամեն կերպ աջակցի Հայաստան-Ադրբեջան գործընթացի առկա տեմպին և առավելագույն ջանք գործադրի համաձայնագրի՝ հնարավորինս շուտ ստորագրման համար: Հեղինակի կարծիքով՝ թուրքական կողմը կարող է հանդես գալ նաև համաձայնագրի ստորագրումը հյուրընկալելու նախաձեռնությամբ:
«Խաղաղության ձևավորվող հիմքերն ամրապնդելու նպատակով Թուրքիան պետք է հայտարարի Թուրքիա-Հայաստան սահմանը բացելու օրը և ընդգծի, որ աջակցում է երկու երկրի միջև կարգավորման գործընթացին»,- նշում է հեղինակը:
Հեղինակը ամփոփում է հոդվածը՝ նշելով, որ Հայաստան- Ադրբեջան խաղաղությունը կարող է լավ հնարավորություն ստեղծել Թուրքիայի համար՝ առաջ մղելու իր ազգային շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: