Միացյալ Նահանգները կրճատել է իր մասնակցությունը դաշնակիցների հետ համատեղ խմբերում, որոնք վերահսկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանումը և հակազդում սահմանափակումները շրջանցելու Մոսկվայի փորձերին՝ ներառյալ G7 երկրների սահմանած՝ նավթի գնի վերին շեմի պահպանումը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման գործընթացը Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության գալուց հետո։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմն ավելի խստացնելու հնարավորության մասին, եթե բանակցային գործընթացը խափանվի։
Աղբյուրները նաև նշել են, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նախապատրաստման նշաններ չկան, միաժամանակ հայտնել են, որ դրանք ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։