Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների՝ փետրվարի 7-ի հանդիպման արդյունքով աշխատանքները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Ըստ նրա՝ հանդիպման արդյունքների մասին տեղեկացվել են նաև ծնողները:
«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացրել ենք իրենց այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ և շարունակական աշխատանքի վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ չմանրամասնելով, թե ինչ է կոնկրետ քննարկվել, քանի որ այն գաղտնի է:
«Ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և արդյունքում արձանագրված այն կետերը, որ հուզում են անհայտ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք:
Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց համոզված եղեք, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ այդ հարցում հաջողություն ունենանք»,- ասաց Աբազյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: