Ինձ համար մտահոգիչ են բնակարանային գողությունները և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը, որովհետև տարբեր խմբեր են գործում շատ հաճախ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք բնակարանային գողություններով անցնող մի խմբի, որը ոչ միայն, օրինակ, Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլև Երևանում ու այլ մարզերում»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ դեռ կարիք կա՝ շարունակելու աշխատանքը, քանի որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության հետ կապված պայմանները, որպեսզի հասկանան՝ ո՞ր դեպքում չեն տեսանկարահանվի, կամ ինչպես անել, որպեսզի տեսախցիկի առկայության պայմաններում էլ չնույնականացվեն:
«Բնակարանային գողությունների բացահայտման առումով մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք»,- հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցներից կատարված հանցագործություններին, ապա նախարարը նկատեց, որ հիմնականում կոնկրետ մակնիշից գողություններն են կատարվում: