Վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մի ահազանգ ենք ունեցել: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տեղեկությանը, թե երեկ Վրաստանի ֆուտբոլային երկրպագուների պետհամարանիշների գողության դեպք են արձանագրվել:
Նախարարը հիշեցրեց՝ ավելի վաղ ՆԳՆ-ն հերքել էր այս տեղեկատվությունը, ապա հավելեց. «Չեմ կարող ասել, թե որտեղից են այս ահազանգերը գալիս կամ ինչի արդյունքում են, բայց մենք ունեցել ենք ընդամենը մեկ ահազանգ պետհամարանիշի շորթման մասով, երբ, ըստ ահազանգողի, պետհամարանիշը հայտնվել է տելեգրամյան ալիքում, և որոշակի գումար է պահանջվել այդ պետհամարանիշի համար:
Իհարկե, այս հանգամանքները դեռևս պիտի ստուգվեն, թե ինչպես է պրոցեսն իրականացվել, բայց այն, որ լրատվական տարբեր միջոցներով ակտիվ տարածվում է այն խոսույթը, թե հազարավոր տրանսպորտային միջոցների պետհամարանիշների հետ կապված գողություններ կան, ուզում եմ նաև այստեղ փարատել մտահոգությունը՝ նմանատիպ ահազանգ չունենք»,- ասաց նախարարը: