Միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է ընդհանուր 3691 հանցագործության դեպք: 2025 թվականի կտրվածքով մեր խնդիրը պետք է լինի ավելի ամրապնդել այս ձեռքբերումը: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Դեռևս կան որոշակի հանցատեսակներ, որոնք շարունակում են մտահոգիչ լինել մեզ համար՝ դրանց տենդենցները, դրանց ձևաչափերը կատարման, բայց 2024-ին արձանագրել ենք, որ գրանցված հանցագործությունները նվազել են 434-ով կամ որ նույնն է՝ 1,1 տոկոսով, այսինքն՝ ունենք գրանցված հանցագործության թվի նվազում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեպքերի 81,4 տոկոսը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ են: