ՊԵԿ-ից հայտնում են, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից։
«Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։
Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից
Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝
-
2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
-
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող,
-
դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը,
-
աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար,
-
դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:
Որքան է աջակցության չափը
Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։
Հիշեք, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։
Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար
Աջակցության ծրագրից օգտվելու համար compensation@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։
Երբ դիմել աջակցություն ստանալու համար
2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։
Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:
Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին:
Աջակցության չափի հաշվարկման օրինակներին և դիմումի ներկայացման օրինակելի ձևերին կարող եք ծանոթանալ
այստեղ»,- գրված է հաղորդագրության մեջ: