Կառավարության որոշումներով «Յունիքեյր գրուպ», «Ադանաս», «Աթանեսյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Աթանեսյանս» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 20053 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025 թ. հունվար ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր, և դրա հիմնական մասը՝ 98 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 2 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման համար և 870 մլն դրամի ներդրում հողային աշխատանքների, կոմունիկացիաների, մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75.5 մլն դրամ:
«Յունիքեյր գրուպը» ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բժշկական պարագաների արտադրության համար՝ իրականացնելով 35.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 15-ի՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.9 մլն դրամ:
«Ադանասը» ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սպունգի և միկրոֆիբրե մաքրող լաթերի (Արմսպունգ ապրանքանիշի ներքո) արտադրության համար՝ իրականացնելով 1.4 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառում է նաև ձեռքբերվող հումքի արժեքը) և 500 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 35 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 70-ի՝ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։