Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու կողմերի միջև արդեն ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Եվ կլինեն ուրիշ գործիքներ կամ միջոցներ սահմանը վերահսկելու համար, որոնք թույլ չեն տա, որպեսզի խաղաղության համաձայնագրի խախտումներ լինեն սահմանի վրա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք կարո՞ղ են լինել բացասական հետևանքեր, երբ դիտորդների առաքելությունը հեռացվի, որովհետև դիտորդների ներկայությունը սահմանի վրա ունեցել է դրական ազդեցություն:
«Հենց այսօր այցելել եմ ԵՄ առաքելությանը Հայաստանում, իրենց մոտից եմ գալիս և կարող եմ հավաստել, որ եվրոպական դիտորդները շպիոններ չեն. նրանք զինված չեն, նրանք չեզոք են, նրանք պարզապես դիտում են, թե ինչ է կատարվում սահմանի շուրջ կամ սահմանի վրա:
Շատ լավ տեղյակ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կետերից մեկը հենց դա էր, որ Ադրբեջանը պահանջում էր հեռացնել եվրոպական դիտորդներին սահմանային գծի տարածքներից: Բայց ես համոզված եմ, որ այս հարցը շատ պրագմատիկ, իրատեսական ձևով կարելի է լուծել»,- ասաց նա: