Կառավարության՝ մարտի 20-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգին՝ նշելով, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում: Առաջինն այն է, որ համակարգի ներդրումը թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է, քանի որ պարտավորված են լինելու թվային հարթակներն ուժեղացնել: Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք է ստեղծվում, որը, ըստ Փաշինյանի, միանշանակ ուժեղացնում է և՛ պետությունը, և՛ քաղաքացուն: Երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք է ստեղծվում:
«Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս պրոցեսից իմ ոգևորությունը չի նվազում, որովհետև ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ, ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»,- ասաց նա:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց, որ առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան:
Վարչապետը վստահեցրեց՝ նոյեմբերի 1-ով կկարողանան լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը:
«Պայմանավորվել ենք, որ եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմած լինելու և մեր պատճառով ստացած չլինելու բերումով, իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ո՛չ սոցիալական կրեդիտների մասով, ո՛չ հայտարարագրի լրացված-չլրացված լինելու մասով, չի ծագի»,- ասաց նա: