Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ոլորտը համակարգող որոշման նախագիծը:
«Այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք: Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև առաջարկի-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասաց մա:
Ի՞նչն է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան՝ հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենք, բայց այն չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար:
«Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասաց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց՝ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում. «Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ և լինելու է էլեկտրոնային»:
Քանի որ էլեկտրոնային հարթակը հրապարակային է լինելու, ուստի այն, ըստ փոխվարչապետի, ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, և առաջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ էականորեն աճելու է:
«Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը կա, բայց առևտրի ձևն անընդունելի է այն մարդու համար, որը ցանկություն ունի գնելու, որովհետև ո՛չ մատակարարման հարցն է հասկանում, ո՛չ իսկության, ո՛չ վճարման ու գնագոյացման, իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային»,- ասաց փոխվարչապետը:
Փաշինյանը ևս արձագանքեց, որ եթե հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ: