Այսօր Եվրահանձնաժողովը և Բարձր ներկայացուցիչը ներկայացրել են Սպիտակ գիրքը Եվրոպական պաշտպանության վերաբերյալ՝ «Rearm Europe Plan/Readness 2030»-ը: Եվրոպայի վերազինման ծրագիրն ամրապնդում է եվրոպական պաշտպանական հնարավորությունները նոր ֆինանսական միջոցներով: Ներկայացվել է նաև հավակնոտ պաշտպանական փաթեթ, որը ֆինանսական լծակներ է տրամադրում ԵՄ անդամ պետություններին՝ պաշտպանական հնարավորությունների ներդրումային աճը խթանելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Խաղաղ դիվիդենտների դարաշրջանը վաղուց անցել է։ Եվրոպան պատրաստ է ակտիվանալ։ Մենք պետք է ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում, ամրապնդենք մեր կարողությունները և օգտագործենք անվտանգության նկատմամբ ակտիվ մոտեցում»։
Սպիտակ գիրքը ներկայացնում է լուծումներ՝ հնարավորությունների կրիտիկական բացերը վերացնելու և ամուր պաշտպանական արդյունաբերական բազա ստեղծելու համար: Այն անդամ պետություններին առաջարկում է պաշտպանության ոլորտում լայնածավալ ներդրումներ կատարել, պաշտպանական համակարգեր գնել և բարձրացնել եվրոպական պաշտպանական արդյունաբերության պատրաստվածությունը երկարաժամկետ հեռանկարում:
«Եվրոպան պետք է ներդրումներ կատարի մայրցամաքի անվտանգության և պաշտպանության մեջ՝ միաժամանակ շարունակելով աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու գործում։ Այս խնդիրները արդյունավետորեն լուծելու համար Սպիտակ գիրքը նախանշում է գործողությունների հիմնական ուղղություններ»,-ասել է Ֆոն դեր Լայենը և նշել, որ ծրագրի համար ծախսվելու է ավելի քան 800 միլիարդ եվրո: