Կրեմլում հայտնել են, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսով «շարունակել են կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» և հաստատել են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու մտադրությունը:
Պուտինը Թրամփին հայտնել է Ուկրաինայում կարգավորման ուղիների համատեղ մշակման պատրաստակամության մասին, ինչպես նաև պաշտպանել է ԱՄՆ նախագահի գաղափարը՝ 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից հրաժարվելու մասին և նման հրաման է տվել զինվորականներին:
«30-օրյա զինադադար սահմանելու մասին ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմից նշվել են մի շարք էական կետեր, որոնք վերաբերում են մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի նկատմամբ գործուն վերահսկողության ապահովմանը, Ուկրաինայում հարկադիր զորահավաքի դադարեցման անհրաժեշտությանը և Ուկրաինայի զինված ուժերի վերազինմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Պուտինը նաև Թրամփին ասել է, որ մարտի 19-ին տեղի կունենա 175-ից 175 ձևաչափով գերիների փոխանակում: Կրեմլի հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «շարունակել ջանքերը ուկրաինական կարգավորմանը հասնելու համար» և այդ նպատակով կստեղծեն ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր։
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին: Նշվում է, որ Ուկրաինայում խաղաղության շարժումը կսկսվի էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հրադադարից, ինչպես նաև Սև ծովում կրակի դադարեցման, լիակատար հրադադարի և մշտական խաղաղության մասին տեխնիկական բանակցություններից: «Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արևելքում»:
Թրամփն ու Պուտինը քննարկել են նաև «ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը», Մերձավոր Արևելքը՝ «որպես ապագա հակամարտությունները կանխելու համար հնարավոր համագործակցության տարածաշրջան» և անդրադարձել են Իրանին՝ նշելով, որ այն «չպետք է ի վիճակի լինի ոչնչացնել Իսրայելը»։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի։ Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին:
Սպիտակ տնից հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 2.5 ժամ: