Կանադայի նորընտիր վարչապետ Մարկ Քարնին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Փարիզ՝ ստանալու Կանադայի ամենահին դաշնակիցներից մեկի աջակցությունը, հայտնում է Euronews-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը կհաջորդի այցը Լոնդոն, որտեղ նա կշփվի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և թագավոր Չառլզ III-ի հետ, որը համարվում է Կանադայի պետության ղեկավարը։
Ըստ լրատվականի՝ Քարնին միտումնավոր է ընտրել եվրոպական այս երկու մայրաքաղաքները, որոնց հետ Կանադան պատմական կապեր ունի՝ միաժամանակ խուսափելով ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից։
Կանադայի վարչապետն ասել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, եթե նա հարգանք ցուցաբերի Կանադայի ինքնիշխանության նկատմամբ։ Նա նշել է, որ դեռ չի նախատեսում այցելել Վաշինգտոն, սակայն հույս ունի շուտով հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահի հետ։
Երդման արարողության ժամանակ Քարնին ընդգծել է, որ իր երկիրը ստեղծվել է երեք ժողովուրդների՝ ֆրանսիացիների, անգլիացիների և բնիկների հիմքերի վրա։ Ըստ վարչապետի՝ Կանադան արմատապես տարբերվում է Միացյալ Նահանգներից և «երբեք, որևէ ձևով չի լինի Միացյալ Նահանգների մաս»:
Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպումից առաջ Քարնին այցելել է Աստվածամոր տաճար։ Իսկ մինչև Օտտավա վերադառնալը նա կայցելի նաև կանադական Արկտիկա՝ «հաստատելու Կանադայի արկտիկական անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։
Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ Քարնին կհայտարարի խորհրդարանի ընտրության մասին, որը կանցկացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։