Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, նշել՝ օրակարգում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցը։
«Գիտենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, անում է ամեն ինչ՝ վերականգնելու գոնե այն, ինչ մնացել է ամերիկյան նախորդ վարչակազմի ոչնչացրածից։ Այս գործընթացը հեշտ չէ: Բայց տեղից շարժվում ենք: Ինչ վերաբերում է Կուրսկի մարզում արգելափակված ուկրաինացի զինվորականների կյանքը խնայելու՝ պարոն Թրամփի ուղերձին: Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել, դա որակում ենք որպես ահաբեկչություն։ Բայց եթե նրանք զենքը վայր դնեն և հանձնվեն, կերաշխավորենք արժանապատիվ վերաբերմունք»,- նշել է Պուտինը։
Կուրսկի մարզում զարգացումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը կատարել են այդ ուղղությամբ իրենց հիմնական խնդիրը՝ ստիպել են ռուսական զորքերին հետ քաշվել ռազմաճակատի մյուս հատվածներից։ Ուկրաինայի նախագահն ընդունել է՝ Կուրսկի մարզում «ակնհայտորեն շատ բարդ իրավիճակ է ստեղծվել», սակայն Պոկրովսկի և Խարկովի ուղղություններում կայուն է։
Զելենսկին հավելել է՝ այժմ պատերազմն արագ ավարտելու լավ հնարավորություն է հայտնվել: Նա կոչ է արել Վաշինգտոնին՝ ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հասնելու հրադադարի և մշակելու խաղաղության ծրագիրը: