ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր հրադադարի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները բավական լավ են ընթանում, սակայն իրավիճակը բավական բարդ է։
«Մենք նրա հետ աշխատում ենք, և ես կարծում եմ, որ ամեն ինչ բավական լավ է ընթանում, իրավիճակը բավական բարդ է»,- ասել է նա FOX26-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները։
Թրամփը հայտարարել է, թե երկուշաբթի Ուկրաինայում կրակի դադարեցման հեռանկարի շուրջ ավելի շատ բան պարզ կլինի։
«Ինչպես դուք գիտեք, մենք ուկրաինական խմբի հետ համաձայնություն ունենք կրակի դադարեցման մասին, և մենք փորձում ենք նույնին հասնել ՌԴ հետ։ Երկուշաբթի մենք կիմանանք փոքր-ինչ ավելին, և դա իրականում լավ կլինի»,- ասել է նա։
Հարցին՝ ինչ կլինի, եթե ՌԴ-ն չհամաձայնի կրակի դադարեցմանը, Թրամփը նշել է, որ այդ դեպքում աշխարհին «վատ լուրեր են սպասվում»։
Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ հեռախոսազրույցներ է ունեցել» ՌԴ և Ուկրաինայի հետ։