ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում հնարավոր հրադադարի մասին «խոստումնալից» է, բայց «ոչ ամբողջական», ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Պուտինը չհամաձայնի Ջիդդայում բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի արած առաջարկին, ապա դա հիասթափեցնող կլինի: Հայտարարությունը Թրամփն արել է մարտի 13-ին՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ վերջնական համաձայնագրի շատ մանրամասներ արդեն քննարկվել են, սպասում են Ռուսաստանի արձագանքին:
Թրամփն անդրադարձել է նաև Ռուսաստանում Մերձավոր Արևելքի գծով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններին և գոհունակություն հայտնել դրանց առաջընթացից։ «Լսում ենք, որ լավ են ընթանում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ վերջնական արդյունքը չի ստացվել։
Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կարգավորման հեռանկարները գնահատում է «զգուշավոր լավատեսությամբ»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկին՝ որոշակի պայմաններով։ Նա պնդել է, որ «վերացվեն այս ճգնաժամի սկզբնական պատճառները», իսկ Ուկրաինան զրկվի զինադադարի ընթացքում վերազինվելու և լրացուցիչ զորահավաք անցկացնելու հնարավորությունից: