Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները:
«2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Համաձայնագրի այս նախագիծը երկու անդամ պետության՝ այդ ներուժն իրացնելու և տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղություն կառուցելու կամքի վկայությունն է: Այժմ չափազանց կարևոր է պահպանել այդ դինամիկան և ապահովել այդ գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը համապատասխան։
Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և կշարունակի իր աջակցությունը տրամադրել երկու անդամ երկրներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանք ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։