Հարաբերությունների կարգավորումից հետո, համենայնդեպս, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրը կամ, եթե ավելի ճշգրիտ նշենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն չկա: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ցավոք, մինչ այս պահը տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնց շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում:
Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը. այն պահին, երբ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք նույնպես կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- պարզաբանեց Միրզոյանը: