Լեհաստանի վարչապետին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահը: Դոնալդ Տուսկը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները, երկկողմ կապերը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, անդրատլանտյան կապերը, տարածաշրջանային և գլոբալ այլ զարգացումներ։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Լեհաստանը տեղակայված են ՆԱՏՕ-ի արևելյան և հարավային թևերում և ունեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի խոշորագույն ցամաքային բանակները: Նրա խոսքով՝ երկու երկրներն անփոխարինելի են Եվրոպայի անվտանգության ապագայում: Էրդողանը հավելել է՝ եթե Եվրամիությունը ցանկանում է պահել իր ուժը, պետք է Թուրքիային լիիրավ անդամակցություն տրամադրի:
Թուրքիայի նախագահը նաև ողջունել է այն փաստը, որ Կիևն ընդունել է 30-օրյա հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կառուցողական մոտեցում կդրսևորի և կանի նույնը:
Տուսկն էլ հույս է հայտնել, որ Անկարան կաջակցի ամբողջ տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը: «Պատրաստ ենք գործակցել մեր թուրք ընկերների հետ պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- նշել է Լեհաստանի վարչապետը: Նա վստահեցրել է, որ իր երկիրն աջակցում է Թուրքիայի եվրոպական կուրսին: Դոնալդ Տուսկը հավելել է՝ Վարշավայի և Անկարայի նպատակն է նպաստել Ուկրաինայում կրակի դադարեցմանը, Սիրիայի կայունացմանը և վերականգնմանը: