Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման և Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին ՌԴ նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը՝ հայտնում է Կրեմլը:
Սա Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2024 թվականի օգոստոսից ի վեր Վլադիմիր Պուտինի առաջին այցն է մարզ: Նրան դիմավորել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զեկուցել սահմանին իրավիճակի մասին։
«Ընդհանուր առմամբ, ազատագրվել է ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք՝ հակառակորդի զբաղեցրած տարածքի ավելի քան 86 տոկոսը»,- ասել է Վալերի Գերասիմովը։ ԳՇ պետը հավելել է՝ որոշ շրջաններում ռուսական ստորաբաժանումները հատել են պետական սահմանը և մտել Ուկրաինայի Սումիի շրջան:
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանից:
«Նաև պետք է մտածենք ապագայում պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին»,- հավելել է Կրեմլի ղեկավարը: Պուտինը համոզմունք է հայտնել, որ Կուրսկի շրջանում ռուսական կողմի դեմ պայքարողները ահաբեկիչներ են: «Գերի ընկածներին պետք է վերաբերվենք որպես ահաբեկիչների»,- շեշտել է ՌԴ նախագահը:
Կուրսկի շուրջ իրավիճակը մեկնաբանել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: Նա հայտնել է, որ Կուրսկի շրջանում և Սուջա քաղաքի արվարձաններում ակտիվ մարտական գործողություններ են:
«Ռուսական ուժերը փորձում են դուրս մղել մեզ և ռազմական գործողությունները տեղափոխել Սումիի և Խարկովի շրջաններ»,- մանրամասնել է Սիրսկին: Հրամանատարը նշել է, որ զինվորների կյանքը փրկելու համար անհրաժեշտության դեպքում ստորաբաժանումները տեղափոխվում են ավելի շահեկան դիրքեր:
«Չնայած ճնշմանը՝ կշարունակենք Կուրսկի ուղղությամբ պաշտպանությունն այնքան, որքան դա նպատակահարմար և անհրաժեշտ կլինի»,- եզրափակել է Սիրսկին։