ԱՄՆ նախագահը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին:
Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ջիդդայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները քննարկել են ոչ միայն հնարավոր զինադադարը, այլև հողային հարցեր: Նա հիշեցրել է՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմը համաձայնել է հրադադար հաստատել:
«Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Իմ մարդիկ գնում են Մոսկվա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփի խոսքով՝ որոշ դրական մեսիջներ է ստացել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:
Լրագրողի հարցին՝ ինչ ճնշում կարող է Թրամփը գործադրել Մոսկվայի վրա՝ ստիպելու գնալ խաղաղության՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է.
«Իհարկե, մենք կարող ենք որոշ բաներ անել, որոնք ֆինանսական առումով շատ վատ և կործանարար կլինեն Ռուսաստանի համար: Բայց հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի»:
Նա խոսել է Գազայի հատվածում իրավիճակից, տեղեկացրել, որ աշխատում է Իսրայելի հետ՝ լուծելու առկա խնդիրները: ԱՄՆ նախագահը նաև հավատացրել է՝ ոչ ոք չի պատրաստվում վտարել պաղեստինցիներին: