Քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել և դուրս է եկել հայկական շուկայից, գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Կառավարությունն ինչպես 2024-ին է իր վրա վերցրել, այդպես էլ այս տարի է իր վրա վերցնում ռիսկերի մեղմման զգալի մասը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 13-ի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների հավաքած ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա Կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա (լրացուցիչ մասը)՝ փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը: Այսինքն՝ եթե մինչև 200 տոկոս եղավ, ապահովագրական ընկերություններն իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավելիի [դեպքում] Կառավարությունը կաջակցի ապահովագրական ընկերություններին»,- ասաց նախարարը:
Նախագծով մեծ աջակցություն է առաջարկվում նաև գյուղացիական տնտեսություններին, ոչ միայն ապահովագրական ընկերություններին: Մասնավորապես՝ նախկինում ապահովագրավճարի 50-60 տոկոսն էր փոխհատուցվում, հիմա առաջարկվում է 70-80 տոկոս սուբսիդավորում:
«Միաժամանակ նշենք, որ վերջին 2 տարում իրականացվող գործընթացները ժամանակավոր լուծումներ են, և Կառավարությունը շատ վճռական է տրամադրված՝ հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնելու, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերում, այլև զուգահեռ ենթակառուցվածքներին»,- ասաց նախարարը:
Որոշման նախագծով փոփոխվել է նաև ապահովագրական մշակաբույսերի կազմը: Ըստ այդմ՝ ծիրանը և խաղողն այս տարի կապահովագրվեն, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը: 2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում խոսեց գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներից:
«Ինչ-որ բանաձևեր են գտնվում (եթե ճիշտ է այս տեղեկատվությունը), որի արդյունքում ստացվում է՝ մեխանիզմ է ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ հողն ապահովագրել, ապահովագրավճար ստանալն է նպատակը,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց.- հիմա մենք փորձում են գյուղապահովագրական համակարգը ՀՀ-ում փրկել: Ինչո՞ւ ենք ուզում փրկել. որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, գնում են, հատուկ այդտեղ, որ նախկին 20 տարում ոչինչ չէին արել, տանում, բան են ցանում ու նստած սպասում են, որ կարկուտը գա, գնան ապահովագրությունը ստանան»: