Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկու երկրների միջև վիճահարույց հատվածների շուրջ մոտ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել:
Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը նաև համատեղ հայտարարություն են ստորագրել: Փետրվարի 21-ին Բիշքեկում ստորագրվել էր սահմանագծի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը:
Ղրղզական կողմը նշում է, որ Տաջիկստանի հետ փոխանակել են հավասարազոր վիճելի տարածքներ։ Արձանագրության ստորագրումը պատմական իրադարձություն է որակվել:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ: Դրա սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվել են 2002 թվականի դեկտեմբերից: Այս հարցի չկարգավորված լինելը բազմիցս միջադեպերի պատճառ է դարձել տեղի բնակիչների և երկու հանրապետությունների զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ միջադեպ: