Կառավարությունը որոշում է կայացրել, որով հստակեցվում է, որ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում աջակցություն կտրամադրվի միայն խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում (այն այգիներում, որոնք հիմնված են N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4․0 մետրը, այգում ներդրված է ոռոգման արդիական համակարգ) ներդրում կատարող տնտեսվարողներին։ Կարկտի առավել ակտիվ գոտիների բնակավայրերի ցանկը լրացվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրով:
Որոշմամբ հանվում է ջրավազանների ընդլայնման դեպքում աջակցության տրամադրման վերաբերյալ դրույթը, հստակեցվում են ջրավազանի չափերը, ներկայացվող փաստաթղթերի կազմը, կառուցվող ջրավազանին և ոռոգման կաթիլային համակարգին, կապալառուին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, նախատեսված է դրույթ, ըստ որի վարկը պետք է տրամադրվի պարտադիր փուլային եղանակով և յուրաքանչյուր փուլի մասնաբաժինը չպետք է գերազանցի վարկի 40 տոկոսը:
Սահմանված է նաև դրույթ, որ կապալառուն պետք է ունենա տվյալ բնագավառի առնվազն 1 որակավորված մասնագետ: Նախագծով սուբսիդավորման արտոնյալ պայմանները տարածվել են նաև մեկ 18-35 տարեկան հիմնադիր (մասնակից) ունեցող իրավաբանական անձանց վրա։
Սույն որոշման ընդունման կապակցությամբ 2025 թվականի և հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման համար տրամադրված միջոցների հաշվին։ Որոշման ընդունումը կնպաստի այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: