Սաուդյան Արաբիան կլինի այն երկիրը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն դեմ առ դեմ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հնարավորությունը։ Այս հայտարարությունը Թրամփն արել է փետրվարի 12-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։
Թրամփը նաև ասել է, որ նպատակահարմար չի համարում Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, և որ Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձը Կիևին, իր գնահատմամբ, «քիչ հավանական է»։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հնարավոր է համարել իր այցը Ռուսաստան, նշել նաև, որ Պուտինին կսպասի ԱՄՆ-ում: Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները երկար հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում հակամարտությունը և դրա ավարտի համար բանակցություններ սկսելու հնարավորությունը։