ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են մերձավորարևելյան իրավիճակը, իրանական միջուկային ծրագիրը, ինչպես նաև ռուս-ամերիկյան համագործակցությունը տնտեսության ոլորտում, հաղորդել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում ընդունել ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման հարցով զբաղվող աշխատանքային խմբերից։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի հետ սերտ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել, որը ներառում է նաև ՌԴ և ԱՄՆ ապագա այցերը։
«Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին, շատ սերտորեն՝ միմյանց երկրներ այցելությունը ներառյալ»,- սոցցանցի իր էջերում գրել է Թրամփը։
Երկու նախագահները քննարկել են քաղաքացիների փոխանակման թեման, Թրամփը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կիրականացնի բոլոր պայմանավորվածությունները։
Երկար զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ոչ միայն ընթացիկ հարցերը, այլև հիշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկու երկրների համատեղ պայքարի պատմությունը։
Զրույցը ձգվել է գրեթե մեկուկես ժամ․ այն առաջինն է եղել վերջին 4․5 տարվա ընթացքում։