Ես իմ բացման խոսքում նշել եմ՝ 60 հազար ստորագրություն մենք հավաքել ենք նախատեսված ժամանակի կեսում և Հայաստանի ընդամենը 44 խոշորացված համայնքներից: Հայաստանի համայնքների թիվը 1000-ից ավելի է: Սա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք հավաքել և 300 հազար ստորագրություն, և եթե դրվի սահմանադրական հանրաքվե, ապա այն հավաքելու է բավարար ձայներ, որպեսզի այն օրենք դառնա: Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի մասին:
«Դրա վերաբերյալ կա նաև օպերատիվ ինֆորմացիա: Վստահ եմ՝ սա օպերատիվ ինֆորմացիա է, կամ ենթադրում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կողմնակից է անդամակցելու Եվրոպական միությանը, կամ, ավելի ստույգ՝ մեկնարկելու անդամակցության գործընթաց:
Մենք ունեինք նաև նախագիծ Սահմանադրության մեջ լրացում կատարելու վերաբերյալ՝ անցումային դրույթներում, ճիշտ այնպիսի դրույթ, ինչ նախատեսված է Վրաստանի Սահմանադրությունում, որ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ինտեգրվի և անդամակցի Եվրոպական միությանը: Սակայն մենք վերլուծել, ծանրութեթև ենք արել և որոշել ենք գնալ այս ուղիով, որ առավելագույն ճկունություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը:
Մենք պատասխանատվություն ենք զգում, որովհետև մենք օրենք ենք նախաձեռնել, և այն միայն մեր անձնական շահերի համար չէ: Դա ՀՀ համընդհանուր շահերի համար է»,- ասաց Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե դա կեղծ օրակարգ է, նկատեց՝ եթե չկա օրակարգ, ինչու է այս օրենքը քննարկվում այսպիսի ընդարձակ ռեժիմով, և ինչու են այդքան շատ ելույթներ:
Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ «սա օրակարգային հարց է»:
Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ Զեյնալյանը հիշեցրեց՝ երբ ստորագրվում էր ԵԱՏՄ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը, ինչպիսին էին ժողովրդի տրամադրությունները:
«Եթե անցկացվեր ազատ հանրաքվե, ինչպե՞ս էր քվեարկելու Հայաստանի ժողովուրդը: Համաձայնելո՞ւ էր արդյոք, որպեսզի Հայաստանը մտնի ԵԱՏՄ Մաքսային միություն: Համոզված եմ, որ՝ ոչ: Այդ ժամանակվա տրամադրություններն էլ էին ասում դա, որ Հայաստանի ժողովուրդը համաձայն չէր, որ Հայաստանը դառնա ԵԱՏՄ անդամ:
Հիմա մենք օրինական ճանապարհով բերում ենք, որպեսզի մեկնարկի այդ ուղին: Պատգամավորներից մեկն ասում է՝ արդյոք իր թոռների զավակները կտեսնե՞ն ԵՄ-ն: Եթե փսիխոանալիզի ենթարկենք այս ասածը, դա նշանակում է հետևյալը՝ որ ինքը երազում է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ, և մնացածն արդեն պատրվակ է, թե ինչու են պատրաստվում քննադատել և դեմ քվեարկել սրան»,- հավելեց Զեյնալյանը՝ անդրադառնալով նաև ընդդիմադիրների հակափաստարկներին:
«Հիմնական հակափաստարկը հետևյալն է՝ բա որ կորցնենք ԵԱՏՄ շուկան: Հնչեց ևս մի հակափաստարկ, որ մենք ամուսնացած ենք ԵԱՏՄ-ի հետ: Իսկ ԵԱՏՄ-ն մե՞կն է, թե՞ բազմաթիվ են: Մենք գտնում ենք, որ տնտեսական զարգացումը Եվրոպայի հետ է: Այդ ԵԱՏՄ երկրներն էլ են այնտեղից վերցնում այդ ամենը»,- ասաց նա:
Զեյնալյանի խոսքով՝ իրենք բերել են այս օրենքի նախագիծը, որպեսզի ՀՀ-ն արտահայտի դեպի ԵՄ գնալու իր քաղաքական կամքը:
«Այս ընթացքն անշրջելի է, ժողովուրդը սրա կողմնակիցն է»,- խոսքը եզրափակեց նա: