Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դեմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Քվեարկությանը չմասնակցեց «Հայաստան» խմբակցությունը: Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում են ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային կազմակերպության մարմիններից և հիմնարկներից, ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության՝ դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին:
Առաջին ընթերցմամբ ընդունված մեկ այլ նախագծի համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի նշանակումը ու վճարումը կկատարվեն ավտոմատ եղանակով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի, ՄՍԾ-ի և ՊԵԿ-ի էլեկտրոնային բազաների փոխգործելիության միջոցով:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված մեկ այլ՝ ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու» նախագծի համաձայն՝ կուտակային ֆոնդերի և մասնակիցների միջև թղթային հաղորդակցությունը կվերանա: