Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ծրագիրը։ Այդ մասին հայտնել է Hürriyet թերթը։ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Գազայի բնակիչներին վտարել իրենց հայրենիքից»։
Էրդողանի խոսքով՝ Պաղեստինը, ներառյալ Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը, պատկանում են պաղեստինցի ժողովրդին։
Նա նշել է նաև, որ Գազայի հատվածը ժողովրդից անջատելու ցանկացած փորձ՝ անկախ ձևից, դատապարտված է ձախողման։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե սրել իրավիճակը, այլ ճանաչել պաղեստինցիների իրավունքները։
Ավելի վաղ, ի պատասխան Թրամփի առաջարկի՝ արաբ առաջնորդները նամակ էին ուղարկել ԱՄՆ պետքարտուղարին՝ անընդունելի համարելով պաղեստինցիների վտարումը: Նրանց համոզմամբ՝ նման քայլը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլև՝ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը։