ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լատինական Ամերիկա կատարած այցի երրորդ փուլում է: Դա նրա առաջին արտասահմանյան շրջագայությունն է որպես ԱՄՆ գլխավոր դիվանագետ, գրում է France24-ը:
Պանամա և Էլ Սալվադոր կատարած այցելություններից հետո Ռուբիոն նախ մեկնել է Կոստա Ռիկա, ապա՝ Գվատեմալա։ Այցի հիմնական նպատակը Միացյալ Նահանգներ միգրացիայի կասեցումն է:
ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ձախակողմյան կառավարություններին՝ նրանց համարելով «մարդկության թշնամիներ» և մեղադրելով տարածաշրջանային միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը առաջինն է արձագանքել Ռուբիոյի հայտարարությանը: Իքսի իր էջում նա Կուբայից ԱՄՆ միգրանտների արտահոսքի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին, որը կղզու նկատմամբ ավելի քան 60 տարի տնտեսական էմբարգո է սահմանել, ինչի հետևանքով Կուբայի ժողովուրդը զրկվել է անհրաժեշտ ապրանքներից և ստիպված լքում է երկիրը:
Էլ-Սալվադորի նախագահ Նաիբ Բուկելեն էլ առաջարկել է ԱՄՆ-ից արտաքսված ցանկացած ազգության անձանց, այդ թվում ՝ այժմ այդ երկրում անազատության մեջ գտնվող դաժան հանցագործներին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ են, տեղավորել երկու տարի առաջ ջունգլիներում բացված ամենախոշոր բանտում:
Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն այս պահին չի ծրագրում արտաքսել ամերիկացի քաղաքացիներին, սակայն Բուկելեի առաջարկը համարում է կարևոր: ԱՄՆ կառավարությունը չի կարող արտաքսել իր երկրի քաղաքացիներին, քանի որ նման քայլը կարող է լուրջ իրավական խնդիրներ առաջացնել: