Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Պանամա: Այն ուղեկցվել է բողոքի ցույցերով: Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին հայտնել է, որ պետք է անհապաղ փոփոխություններ կատարել Պանամայի ջրանցքի գործունեության մեջ. ջրանցքը ռազմավարական կարևորություն ունեցող երթուղի է, որը կապում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները։
Մարկո Ռոբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանի ազդեցությունը սպառնում է Պանամայի ջրանցքի աշխատանքին։ Պանամայի իշխանությունները հերքում են Չինաստանի կողմից ջրանցքի վերահսկողությունը։ Նշվում է, որ ջրանցքը շահագործում է Պանամայի ջրանցքի վարչությունը՝ ինքնավար գործակալություն, որը վերահսկվում է Պանամայի կառավարության կողմից: Չինաստանը ևս հայտարարել է, որ ոչ մի դերակատարում չունի ջրանցքի շահագործման գործում և հարգում է Պանամայի անկախությունը և ինքնիշխանությունն այդ ծովային ուղու նկատմամբ:
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ իր ջրանցքի նկատմամբ Պանամայի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ, սակայն նա ընդգծել է ավելի շատ միգրանտների հայրենադարձման հնարավորությունը:
Ավելի վաղ Մարկո Ռուբիոն նախազգուշացրել էր, որ ջրանցքի նավահանգիստների օպերատոր ընկերությունը չինական է և կարող է փակել ջրանցքը հակամարտության դեպքում։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո քանիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է վերականգնել վերահսկողությունը ջրանցքի նկատմամբ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: