ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին: Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը դեռ 2022 թվականի փետրվարին:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Եվ դա տեղի է ունեցել հենց ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու իմաստ չկա: Այն ենթակա է լուծարման: Դա կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորմանը:
Զախարովային նաև խնդրել են մեկնաբանել ԵԱՏՄ-Հայաստան հարաբերությունները և ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկումը Մոսկվան դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու մեկնարկ:
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին և մյուս անդամներին տնտեսական լուրջ առավելություններ է տալիս: Ինչ վերաբերում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կուրսին, նշեմ, որ այդ դեպքում այս բոլոր առավելությունները կկորչեն»,- ասել է Զախարովան, հավելել՝ այնուհանդերձ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է:
Զախարովան խոսել է Մոսկվա-Բաքու հարաբերություններից և վերջին շրջանում ադրբեջանական լրատվադաշտում հակառուսական տրամադրություններից: Նա առանց հստակեցնելու նշել է, թե որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները:
Զախարովայի խոսքով՝ ընդհանուր առմամբ ԱՊՀ անդամ պետությունների միջև հարաբերությունների վատթարացման փորձերի հետևում կանգնած է Արևմուտքը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։