Ստրասբուրգում ընթանում են ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքները, որոնց մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Հարգելի' գործընկերներ,
Մեծ պատիվ է այսօր ձեր առջև բարձրաձայնել մի հարց, որը ե'ւ մշտապես արդիական է, ե'ւ մեր օրերում` հրատապ կարևորություն ունի. Կանայք տնտեսության մեջ. զբաղվածություն, ձեռներեցություն և գենդերազգայուն բյուջետավորում:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին` գենդերային հավասարության առաջխաղացմանն ուղղված իր նվիրվածության և այս չափազանց կարևոր աշխատանքի համար: Տասնամյակների ընթացքում կանայք հսկայական առաջընթաց են գրանցել տնտեսության մեջ: Այսօր նրանք գլխավորում են կորպորացիաներ, ձևավորում նորարարական ոլորտներ և ստեղծում փոփոխություն բերող ձեռնարկություններ: Սակայն չպետք է անտեսենք առկա մարտահրավերները:
Համակարգային խոչընդոտները շարունակում են խաթարել կանանց լիարժեք ներգրավվածությունը: Շատերը մինչ օրս բախվում են խտրականության` աշխատանքի ընդունվելու գործընթացում, կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումներ կայացնող պաշտոններում և չունեն հավասար հնարավորություններ այնպիսի զարգացող ոլորտներում, ինչպիսին է STEM-ը: Թեև ակնհայտ է, որ կանանց հզորացումը խթանում է տնտեսական աճը, շատ երկրներ դեռևս պայքարում են աշխատավարձերի անհավասարության և կին ձեռներեցների համար ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիության դեմ:
«Ապակե առաստաղը» գուցե ճաքեր է ստացել, բայց դեռևս կոտրված չէ: Այսօրվա քննարկվող զեկույցը լուծում է առաջարկում` գենդերազգայուն բյուջետավորում: Սա ոչ թե վերացական գաղափար է, այլ իրական փոփոխությունների գործիք: Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով մենք կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները: Մտածենք` ինչպե՞ս կարող են կանայք հաջողություններ գրանցել իրենց մասնագիտական կյանքում, եթե պետական բյուջեներում հաշվի չի առնվում հասանելի մանկապարտեզների, մայրության արձակուրդի և հմտությունների զարգացման նպատակային ծրագրերի կարևորությունը:
Գենդերային զգայուն բյուջետավորումը ցույց է տալիս, որ ֆինանսական որոշումներն իրականում բարոյական ընտրություններ են, որոնք պետք է նպաստեն ոչ միայն առանձին անհատների բարեկեցությանը, այլև ամբողջ հասարակության զարգացմանը: Ձեռնարկատիրությունը եւս առանցքային տեղ ունի այս քննարկման մեջ: Կին ձեռներեցները ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում, այլև վերաիմաստավորում են ոլորտները և խթանում նորարարությունը:
Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ վենչուրային կապիտալի միայն 2 տոկոսն է ուղղվում կանանց ղեկավարած ստարտափներին: Սա պարզապես անհավասարություն չէ, այլ բաց թողնված հնարավորություն, որը խոչընդոտում է ընդհանուր առաջընթացին: Զեկույցը կարևոր ճշմարտություն է արձանագրում. տնտեսությունում գենդերային հավասարության ապահովումը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև տնտեսական անհրաժեշտություն:
Եկե'ք խթանենք այնպիսի քաղաքականություններ, որոնք արտացոլում են կանանց իրականությունը: Եվ եկե'ք ապահովենք, որ այսօրվա յուրաքանչյուր նորածին աղջիկ մեծանա մի աշխարհում, որտեղ նրա ներուժը գնահատվում է ոչ թե` ըստ սեռի, այլ` ըստ երազանքների»,- ասել է պատգամավորը: