Օդի հետ կապված խնդրով վարչապետի որոշում չկա, բայց ես հանձնարարական եմ տվել, որ շատ ինտենսիվ աշխատեն՝ փոխվարչապետ, ՇՄՆ, Երևանի քաղաքապետարան, որ շատ ակտիվ աշխատեն, որովհետև իսկապես մի շրջան նամակների շատ մեծ հոսք եղավ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածության խնդրին:
«Ես այդ նամակներից եմ իմացել այդ պրոբլեմի մասին, չնայած այնպես չէ, որ վարչապետի համար ուրիշ օդ կա Երևանում, ես այդ օդն եմ շնչում, շատ անհանգստացել եմ»,- նշեց վարչապետը:
Վերջին ժամանակում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների առնչությամբ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները: Հրապարակվում են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինհրապարակներում տեղադրված սարքերի միջոցով փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակության տվյալները։
Խնդիրը քննարկելու նպատակով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ օրերս
քննարկում էր տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։