Փոդքասթի ստուդիայի ձևավորումն արվել է մեր անձնական միջոցներով, պիտի հավաստիացնեմ, որ մեծ գումար չի ծախսվել, 700 հազար դրամ է ծախսվել: 2024-ին Աննայի սեփականությունը հանդիսացող մեր «Կինո հայրենիքի» բնակարանը վաճառել ենք, և այդ միջոցները կհայտարարագրվեն։ Վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, և նկարահանումը իրականացնում է վարչապետի գործունեությունը լուսաբանող խումբը, ինչքան էլ ընտանեկան է, բայց նաև վարչապետի գործունեության մաս է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանը պատրաստվում է ընտրությանը գլխավորել ՔՊ ընտրական ցուցակը, վարչապետը նշեց. «ՔՊ բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են որոշակի ժողովրդավարական ընթացակարգում, և 2026 թվականի համամասնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում, և սա նորություն չէ մեր կուսակցության համար: Մեր կուսակցության կանոնադրության մեջ տարբերությունը հետևյալն է, որ եթե ընտրությունը հերթական է, համաժողովն է ընտրում, եթե արտահերթ է, վարչությունն է հաստատում: Նախ ասեմ, որ Աննա Հակոբյանը ՔՊ անդամ չէ, եթե կորոշի անդամագրվել, այդ դիմումը, ինչպես մյուս դիմումները ՔՊ կուսակցության վարչությունը կքննարկի»: